Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու առթիվ սփյուռքահայերին ուղղված իր կոչին մեծ արձագանք է եղել. «Երեկ մի այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն, օրինակ, ինձ ասաց՝ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին: Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի՝ «Դուք կարող եք բոլոր բանկերում դնել»։ Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել: Նախարարը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:
«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերութուններ հաստատելու ռեսուրս»,- հայտարարեց սփյուռքի նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: