Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018թթ ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
ԵՊՄՀ ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ համաձայն Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին օրենքի՝ յուրաքանչյուր տարի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկերը բուհերն են ներկայացնում նախարարությանը, նախարարությունն ամփոփում է և ներկայացնում կառավարության հաստատմանը, և կառավարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է:
«Բուհերը պետք է հաշվի առնեն, թե ինչ մասնագիտություններ են պետք, ինչքան հատկացված տեղեր ունեն և ըստ այդմ՝ կազմեն իրենց հաջորդ տարվա մասնագիտությունների ցանկը»,- նշեց պրոռեկտորը:
Մհեր Մելիք-Բախշյանը նշեց, որ ԵՊՄՀ-ում հիմնականում դպրոցական մանկավարժություն, նախադպրոցական մանկավարժություն, հոգեբանություն, պարարվեստի մանկավարժություն մասնագիտությունները միշտ պահանջած են, կան նաև մասնագիտություններ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն նվազել է, օրինակ՝ ԵՊՄՀ-ում հետաքրքրությունը նվազել է քիմիայի և ֆիզիկայի նկատմամբ:
Մհեր Մելիք-Բախշյանի դիտարկմամբ՝ հնարավոր է, որ դպրոցներում քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչները լավ չեն դասավանդում, և այդ պատճառով հետաքրքրություն չի առաջանում այդ մասնագիտությունների նկատմամբ՝ չեն ցանկանում դառնալ քիմիայի կամ ֆիզիկայի ուսուցիչ:
Մանրամասները՝ տեսանյութում: