Լուրեր
Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը ԼՂ խնդրում անգամ զսպիչ նշանակություն չի ունենալու. «Դիսկուրս»

Հայ-ռուսական միացյալ զորախում ստեղծելը ինչո՞վ է ձեռնտու Հայաստանին, ինչո՞վ է ձեռնտու Ռուսաստանին և ի՞նչ խնդիրներ է հարուցում: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ սա կարևորագույն ձեռքբերում է՝ պաշտպանական քաղաքականության տեսակետից, կարևորագույն ձեռքբերում է ՌԴ-ի հետ՝ ՀԱՊԿ համակարգում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության տեսակետից, կարևոր է նաև տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովման տեսակետից: «Մենք նաև դիտարկելով բոլոր հնարավոր զարգացումները և աճող մարտահրավերները, և նաև այդ ֆոնի վրա գոյություն ունեցող սպառնալիքները՝ պետք է կարողանանք համապատասխան մեխանիզմներ ձեռնարկել:

Հայաստանի Հանրապետության պարագայում, իհարկե, ԶՈւ գործոնը կարևորագույն և առանցքային գործոն է՝ անվտանգային խնդիրների ապահովման տեսանկյունից: Ռուսաստանի Դաշնության ԶՈւ-ի հետ համատեղ նախաձեռնությունները, և այս նախաձեռնությունը ևս այդ համատեղ ծրագրերից մեկն է, որը փաստացի գոյություն ուներ, բայց հիմա մենք ստեղծում ենք նաև իրավաքաղաքական համապատասխան բազա՝ տալով նրա կառավարան մեխանիզմների սահմանումը, տալով նրա առջև դրված խնդիրների շրջանակը և տալով այն գոծողությունների իրավասությունները, որոնք առաջիկայում պետք է միացյալ զորախմբի համար լինեն և՛ ռազմական, և՛ քաղաքական նշանակության խնդիրներ:

Կարծում եմ, որ նախաձեռնությունը ողջունելի է՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, հենց այնպես ինչ-որ մեկի ինքնանպատակ ցանկության կամ գործողությունների, պատկերացումների վրա չի կառուցված այս նախաձեռնությունը, երկուստեք գոյություն ունեցող շահերի համադրման արդյունքում ձևավորված գաղափար է, որի կյանքի կոչումը նպաստելու է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղ զարգացումներին»,- նշեց Ա. Զաքարյանը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ միանշանակ այս միացյալ զորախմբի ստեղծումը ձեռնտու է ռուսական կողմին: «Վերջին տարիների զարգացումները և Կովկասում Ռուսաստանի դիրքավորումը՝ թե՛ ցամաքում, թե՛ օդում, վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ հստակ և հեռահար նպատակների հետ, որոնք հետապնդում է ռուսական կողմը, և որի համար անհրաժեշտ է ձևավորել կովկասյան ուղղությունը՝ թե՛ հակաօդային համակարգի տեսանկյունից, թե՛ նաև ցամաքայի զորքերի տեսանկյունից:

Հայկական կողմի ձեռքբերումները կամ ստանալիքը աղոտ է: Չեմ ուզում հերքել ռազմատեխնիկական և այլ ոլորտներում ինչ-որ հարցերի լուծումը, բայց դրանք միշտ եղել են, և չեմ կարծում, որ դրանց նախապայմանն այսպիսի զորախումբ ստեղծնել է, որովհետև մինչև այժմ էլ այդ խնդիրները այս կամ այն կերպ լուծվել են, և, թերևս, ինքնիշխանության նոր կիսում չպետք է տեղի ունենար, որպեսզի դա հնարավոր լիներ:

Մեր պաշտպանական համակարգին, և տարածաշրջանային խաղաղությունը վտանգող հիմնական սպառնալիքները գալիս են հայ-ադրբեջանական առանցքով՝ ղարաբաղյան խնդրով: Հետևաբար հարց է ծագում արդյո՞ք Ղարաբաղի վրա տարածվում է հայ-ռուսական երկկողմ անվտանգության հովանոցը և ՀԱՊԿ բազմակողմ անվտանգության հովանոցը: Զարգացումները ցույց են տալիս, որ այն չի ծածկում Ղարաբաղի խնդիրը: Հետևաբար այն, որ նշվում է, թե սա հայկական կողմի ձեռքբերում է և տևական խաղաղության հաստատման հետ է կապված, ես ընդհանրապես չեմ հավատում, որ դա որևէ ձևով անգամ զսպիչ նշանակություն է ունենալու»,- նշեց Ս. Սաֆարյանը::

Մանրամասները՝ տեսանյութում: