Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահական արտահերթ ընտրությունները ճանաչվել են կայացած։ Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի ԿԸՀ-ը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 33 տոկոսը, ինչն անհրաժեշտ շեմ է, որպեսզի ընտրությունները համարվեն կայացած։
Քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է 6.89 միլիոն մարդ, այդ թվում նաև Ուզբեկստանի նախագահի բոլոր չորս թեկնածուները։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվը գերազանցում է 21.4 միլիոնը։
Ավելի քան 9000 ընտրատեղամասեր ողջ հանրապետությունում բացվել են տեղական ժամանակով ժամը 06.00-ին։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։
Ուզբեկստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեևը, Խաթամժոն Կետմոնովը, Սարվար Օտամուրադովը, Նարիմոն Ումարովը։
Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ։ 79-ամյա Քարիմովն ուղեղի կաթվածից մահացել է սեպտեմբերի 2-ին և հուղարկավորվել է հայրենի Սամարղանդում։