Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ կարգավորումն ու ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ճեպազրույցում՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն քննարկել է ԼՂ կարգավորումը նաև դեկտեմբերի սկզբին Ալանյայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Հաջորդ շաբաթ կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը, և Բաքվին հետաքրքրում է Թուրքիայի դիրքորոշումը շատ հարցերով՝ ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2017 թվականին կհայտարարի «Աֆղանստանի հարցով ստամբուլյան գործընթացում» նախագահությունը ստանձնլու իր մտադրության համար։
«Մենք նաև քննարկել ենք երկու երկրների տնտեսական համագործակցությունը, այդ թվում TANAP գազատարի նախագծի շրջանակում»,-ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանը վստահ է, որ մոտ ապագայում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա կփոխադրվի՝ նշել է նա։
Նախարարի խոսքով՝ երկու երկրները նաև համագործակցության վիթխարի հեռանկարներ ունեն մարդասիրական ոլորտում։