«Առաջին լրատվակն»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
–Պարոն Մանուկյան, մենք արդեն գիտենք, որ գազի սակագինը նվազելու է։ Վարչապետն արդեն դրա վերաբերյալ հանձնարարական է տվել: Արդյո՞ք գազի սակագնի նվազումը չպետք է ազդի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազման վրա:
-Հասկանալի է, որ շարքային սպառողի համար գնի կամայական նվազում ողջունելի է, երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն փորձագիտական շրջանակը կասկածներ ունի, որ սա երկարաժամկետ գործողություն չէ։ Երկարաժամկետ կլիներ, եթե գազի գինը սահմանին 150 դոլարի փոխարեն լիներ ավելի էժան։ Դա կլիներ ավելի երկարաժամկետ քաղաքականություն և ռուսական կողմից պատրաստակամություն՝ իր շահույթի մարժան նվազեցնելու։ Բայց մի կողմից մենք ունենք 150 դոլար սակագին սահմանին, մյուս կողմից սակագնի նվազում: Եթե մենք արձանագրում ենք, որ հնարավոր է գազի գնի սակագնի նվազում, ապա դա նշանակում է, որ մարժայի մեջ կար բավական մեծ անարդյունավետություն, որը կարգավորիչ մարմինը չէր տեսել և մենք մինչև հիմա վճարել ենք բարձր սակագնով։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ սա քաղաքական որոշում է, և դրա ապացույցն այն է, որ սահմանին գազի գինը չի իջնում, և դա երկարաժամկետ նախաձեռնություն չէ։ Բացի դրանից պետք է նկատել, որ եթե բյուջեի նախագիծը փոփոխության չենթարկվի, (քանի որ բյուջեի նախագծում գազի սակագնի նվազման մասին խոսք չկա, ներկայացված է նախկին սակագնով), ապա մենք ակնկալում ենք, որ պետբյուջեով ևս 11, 5 միլիոն դոլարի նվազում կլինի, որը կառավարությունը կարող է փակել ստվերի դեմ պայքարով կամ այլ ճանապարհով։
-Պարոն Մանուկյան, նշվում էր, որ «Գազպրոմ»-ում օպտիմալացման քաղաքականություն է տարվել և հենց դրա շնորհիվ է գազի սակագնի նվազեցումը։ Երկար ժամանակ խոսվում էր ուռճացված ծախսերի մասին։ Կարելի էր ավելի վաղ այս խնդիրը կարգավորել:
-Մի բան, որ հայտարարվում է, պետք է խոր մտածել դրա մասին, հետո հայտարարել։ Եթե անարդյունավետ ծախսեր կային, ապա իրենք ամեն օր պետք է դրա մասին մտածեին, թե ինչ պետք էր անել, որ այդ անարդյունավետ ծախսերը վերացվեին, պորտֆելները վերակազմակերպվեին։ Ծախսերի օպտիմալացմումը ցանկացած ֆիրմայի համար առաջնային հարց է, որպեսզի եկամուտները ավելանան։ Բայց մի կարևոր հարց կա. կարգավորիչ մարմինը պետք է ճնշում գործադրի նրանց վրա, որ իրենք գնան այդ կարգավորումներին։ Նրանք պետք է տեսնեն, որ իրենց գործունեությունը կարգավորիչ մարմնի աչքի տակ է։
-Գազի ու հոսանքի սակագնից սահուն անցում կատարենք ջրի սակագնին, հունվարի 1-ից Երևանում և մարզերում կգործի մեկ միասնական սակագին։ Երևանում սակագինը կբարձրանա, հունվարի 1-ից կդառնա 180 դրամ մեկ խմ-ի դիմաց։
-Այո, հունվարի մեկից լինելու է մեկ միասնական սակագին և մեկ օպերատոր։ Մեկ օպերատորի առկայությունը դրական է։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկինում գործող չորս օպերատորներից միայն «Երևան ջուր»-ն է որոշակի առումով թափանցիկ գործել, վարձակալական վճարներ է վճարել, իսկ մյուս ընկերությունների համար պետությունն է վճարել, սուբսիդիա է տրվել նրանց 1.5 միլիարդ դրամի չափով։ Սա աննկարագրելի անարդյունավետության մասին է խոսում։ Իսկ այս ոլորտում միջինում կորուստի գործակիցը կազմում 75 տոկոս։ Սա, ինչպես արդեն նշեցի, աննկարագրելի անարդյունավետություն է։ Մենեջմենթի տեսանկյունից կատարվող փոփոխությունները դրական են, բայց սակագնի առումով, բարձրացումը անտրամաբանակն է, քանի որ դրա մեջ է այդ 75 տոկոս կորուստը։ Բայց այս ամենով հանդերձ, ոլորտը շահութաբեր է։ Օրինակ՝«Երևան ջուր»- ը անցած տարվա ընթացքում մոտ մեկ միլիարդի շահույթ է ստացել։ Բայց ասեմ, որ եթե պետությունը մտածում է սակագնի նվազեցման մասին, ապա կարող է ներդրում անել, գումարները ուղղել այս ոլորտ և կունենա շատ ավելի մեծ հնարավորություններ, ավելի բարվոք ենթակառուցվածքներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: