Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը որպես եվրոպական մոդելի պետություն տեսնողները դատապարտված են միավորվելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը:

– Պարոն Բադալյան, Հայաստանի մի շարք մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական դաշտը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Հետևելով ընթացող զարգացումներին, արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված քաղաքական ուժերից շատերի ոչ հստակ կեցվածքին՝ ի՞նչ եք կարծում՝ ապագա խորհրդարանն էապես կտարբերվի՞ այս խորհրդարանից։

– Ապագա խորհրդարանը ներկա խորհրդարանից որևէ կերպ չի կարող տարբերվել, քանի որ Հայաստանում պարզապես բացակայում է կայուն զարգացման համար կարևորագույն այնպիսի ինստիտուտ, ինչպիսին բնության կողմից սահմանված պատասխանատվության ինստիտուտն է։ Պարզաբանեմ միտքս։ Բնությունը հազարամյակներով մշակել է զարգացման մի տրամաբանություն, ըստ որի՝ զարգացումը հնարավոր է միայն այն համակարգերի ու միջավայրերի համար, որտեղ ռիսկերն ու պատասխանատվությունը փոխադարձաբար հակակշռվում են։ Ասենք՝ եթե եղնիկը պատճառաբանված ռիսկի է գնում՝ ավելի հյութալի կերի հետևից, նա գայլի բաժին է դառնում, և տեսակը շարունակվում է ռիսկն ու դրա արդյունքները հաշվել կարողացողը։ Մյուս կողմից՝ եթե այդ նույն եղնիկը գայլի ահից ընդհանրապես իր բնից դուրս չգա, նա արդեն կսատկի սովամահությունից։ Այսինքն՝ բնությունը նրան ստիպում է քայլ կատարել, որի մեջ նաև ռիսկի որոշակի, բայց արդարացված բաժին կա։ Ու եղնիկների հոտում առավել շատ սնվում և հետևաբար առավել առողջ է մնում, երկար ապրում ու սերունդ է տալիս հենց այն մեկը, որի գործողությունները ռիսկի (նախաձեռնողության) և պատասխանատվության օպտիմալ բալանս են ապահովել։

Նույնն է մարդկանց ու հասարակությունների զարգացման տրամաբանությունը։ Առողջ զարգացում հնարավոր է ապահովել միայն այնտեղ, որտեղ բիզնեսում, քաղաքականության մեջ, որևէ մասնագիտության դաշտում ապահովված են հավասար պայմաններ և ամենակարևորը՝ գոյություն ունի պատասխանատվության մեխանիզմ։ Բիզնեսում դա դրսևորվում է, ասենք, այսպես՝ կատարում ես հաշվարկ, սկսում ես մի գործ, և բացառապես քեզնից ու քո կատարած հաշվարկի ճշգրտությունից կախված կլինի, թե ենթադրվող արտադրական ցիկլի ավարտին դու վնասո՞վ դուրս կգաս, թե՞ կշահես։ Բայց երբ երկրում չկա հավասար մրցակցություն, և որոշ սուբյեկտների շարունակական խոշորացումը բնավ կախված չէ իրենց ընդունած կառավարչական որոշումների բացառիկ ճշգրտությունից, այլ նրանք ապահովված են պետական հովանավորչությամբ (մենաշնորհներ, ոչ մրցակցային հիմքով խոշոր պետպատվերներ և այլն), այդտեղ բիզնես-միջավայր չի կարող զարգանալ։ Եթե երկրում չկան խաղի ընդհանուր կանոններն ապահովող մեխանիզմներ, եթե, որպես այդպիսին, գոյություն չունի դատական համակարգ, որտեղ հնարավոր կլիներ վիճարկել օրենքի խախտումները, անազնիվ մրցակցությունն ու հովանավորչության դեպքերը, այդտեղ զարգացում մի սպասեք։

Նույնը՝ քաղաքական դաշտում։ Եթե չկա ակնհայտ սխալ քաղաքական-կառավարչական որոշման համար պատասխանատվության որևէ մեխանիզմ, այդտեղ չի կարող լինել որևէ առաջընթաց։ Պարզագույն օրինակ ասեմ՝ հանրապետության նախագահը մեկ օրում միանձնյա որոշում է ընդունում երկրի զարգացման վեկտորը 180 աստիճանով փոխել ու ընդհատելով ընթացքի մեջ գտնվող եվրաասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հայտարարել, թե Հայաստանը միանում է ԵՏՄ-ին։ Այնուհետև այդ գաղափարը սկսում են քարոզել խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծ մասը, և մեկ տարի մեկուկես ամիս հետո այդ որոշումը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատում է երկրի խորհրդարանը։ Կասեք՝ բարի, իրենց իրավունքն է։ Իհարկե՝ իրենց սահմանադրական իրավունքն է։ Բայց… արդեն ընդամենը մեկ տարի հետո պաշտոնապես ընդունվում է, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում Հայաստանը տնտեսական շատ լուրջ վնասներ է կրել, երկնիշ տոկոսներով նվազել է ապրանքաշրջանառությունը ոչ միայն աշխարհի այլ երկրների, այլև հենց ԵՏՄ անդամ երկրների հետ։ Նույնը՝ պաշտպանության ու անվտանգության բնագավառում։ Հայաստանը անդամակցում է մի ռազմաքաղաքական բլոկի ու հենց պատերազմ է ստանում իր սահմաններում՝ անմիջապես պարզվում է, որ այդ բլոկի իր բոլոր «դաշնակիցները» ոչ միայն իրեն չեն պաշտպանում, այլև նույնիսկ չեզոք էլ չեն։ Ավելին՝ զինում և քաղաքականապես աջակցում են իր հակառակորդին։

Այսինքն՝ ինչ է ստացվում՝ երկրի նախագահի ու խորհրդարանում նրա որոշման օգտին քվեարկած պատգամավորների կողմից, ի թիվս այդ կազմակերպություններին միանալու, կատարվել է ծանրագույն քաղաքական սխալ հաշվարկ ու որոշում։

Նորմալ երկրում, որտեղ պատասխանատվության ինստիտուտ լիներ, ակնհայտ սխալ քաղաքական որոշում ընդունած նախագահը և խորհրդարանի այն կուսակցություններն ու անդամները, ովքեր պաշտպանել են այդ ակնհայտ սխալ որոշումը, հասարակությանը կներկայացնեին իրենց հրաժարականը, և հասարակությունն ու պետությունը, նաև իրավական մեխանիզմներով, հետաքննություն կսկսեին՝ պարզելու համար, թե ակնհայտ սխալ կառավարչական որոշումը արդյունք է պարզապես սխալ հաշվարկի՞, թե՞ խորքում թաքնված պետական դավաճանության հանցակազմ ունի։

Ավելորդ է անգամ ասել, որ Հայաստանում այդ առումով ո՛չ հրաժարականներ կարելի է սպասել, ո՛չ լուրջ քննություն՝ մի պարզ պատճառով, որ Հայաստանում գոյություն չունի պատասխանատվության ինստիտուտ։ Դրա համար էլ որևէ զարգացում կամ նոր խորհրդարան քննարկելն անգամ անլրջություն կլիներ, քանզի չկա որևէ մեխանիզմ, որ մեզ կարողանար ապահովագրել, որ, ասենք, հաջորդ խորհրդարանի ամենաինտելեկտուալ անդամը Առաքել Մովսիսյան-Շմայսը չի լինելու։

Ունենալով նաև նախկին դաշինքների գործունեության փորձը, դրանց ձախողումները՝ ի՞նչ եք կարծում՝ հաջողության հասնելու համար ընդդիմության միավորում պե՞տք է։ Այսօր Հայաստանում նման բան հնարավո՞ր է՝ հատկապես Հայաստանը որպես եվրոպական մոդելի պետություն տեսնող քաղաքական ուժերի շրջանակներում։

– Վերն արդեն նշածս պատճառով Հայաստանը որպես եվրոպական մոդելի պետություն տեսնողները պարզապես դատապարտված են միավորվելու և համատեղելու իրենց ջանքերը։ Ու ես հույս ունեմ, որ դա հենց այդպես էլ կլինի։ Քանի որ ի տարբերություն նախորդ ձախողված կոնյունկտուրային դաշինքների, որոնցում նախկինում սկզբունք ու քաղաքական արժեք չունեցողները հավաքվում էին մեն մի հստակ համոզմունք-նպատակով, որ եթե իրենք շատ լինեն ու շատվորությամբ միտինգային հարթակից ունիսոն դիմեին «մնագաուվաժայեմիյ Վլադիմիր Վլադիմիրովիչին», ապա վերջինիս քար սիրտը կփափկի, Սերժիկ Սարգսյանին կհեռացնի իշխանությունից ու իշխանությունը կտա իրենց, իրենց եղբորն էլ կնշանակի Սաշիկ։

Մինչդեռ արևմտամետ մոտեցումներ կրողների համար ընտրությունը քաղաքակրթական է ու քաղաքական սկզբունքների և գաղափարների դաշտում։ Այն ռուսամետների նման հստակ ընդգծված անձնական ամբիցիաներով ու անձնական իշխանության հավակնությամբ չի պայմանավորված ու չի դրսևորվում։ Հետևաբար չեմ կարծում, թե միավորման մեջ պետք կլինի դնել առաջնության խնդիր, և միավորման հարցում առանձնակի լուրջ բարդություններ կարծես թե չպետք է լինեն։

– Առհասարակ ընտրություններին մասնակցելը, չաշխատող ընտրական համակարգի պարագայում,  պրոցեսի լեգիտիմացում կարո՞ղ ենք համարել։ «Սասնա ծռերի»-ի գործունեությանը հանրային աջակցությունը շատերը հիմնավորում էին հենց նրանով, որ ընտրական համակարգը չի աշխատում, և պայքարի տարբերակը մնում է ապստամբությունը, այդ թվում՝ զինված։

– Միանշանակ է, որ պետական հեղաշրջման հանցակազմով ու մակարդակով կեղծվող ընտրական հանցավոր համակարգին ընդդիմության մասնակցությունը իշխանության համար լուծում է միայն այդ ընտրությունների լեգիտիմացման խնդիր։ Ու եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները ազնիվ են իրենց շարքերի ու ընտրողների հանդեպ ու չունեն ֆինանսական կամ այլ ստվերային պարտավորություններ, պարտադրված չեն իրենց մասնակցությամբ լեգիտիմ պրոցեսի տպավորություն ստեղծել, ընտրություններ անվանումը կրող այդ պետական հեղաշրջման պրոցեսներին թերևս մեկ անգամ կազմակերպված բոյկոտը, որը նույնպես քաղաքական պայքարի խաղաղ և իրավական եղանակ է, բավարար կլիներ, որ հայաստանյան ընտրություններ անվանումը կրող ֆարսի փակ շղթան կտրվեր, և պրոցեսները իրավական-սահմանադրական դաշտ տեղափոխվելու հնարավորություն ստանային։

Ընդհանրապես պետք է երևույթները դիտել ամբողջության մեջ, այդ թվում նաև՝ «Սասնա ծռերի» թեման։ Ծռերին քննադատողները միտումնավոր, թե չիմացությամբ, բայց մի էական մեթոդական սխալ են կատարում՝ պնդելով, թե նրանց կատարած քայլը դուրս է օրենքի ու սահմանադրականության դաշտից։ Բայցև մոռանում են նշել, որ նույն օրենքի և սահմանադրականության դաշտից դուրս են նաև կեղծիքներով սահմանադրություններ պարտադրելը ու կեղծված ընտրություններով ձևավորվող, ավելի ճիշտ՝ ինքնանշանակվող իշխանությունները, ինչպես նաև ոչ լեգիտիմ իշխանությունների ընդունած անարդար օրենքները։ Իսկ կեղծված ընտրություններով, որը նույնն է, թե պետական հեղաշրջմամբ ձևավորված իշխանությունների ընդունած անարդար օրենքների դեմ պայքարելը ոչ միայն ցանկացած քաղաքացու անօտարելի իրավունքն է, այլև սահմանադրական կարգը երկրում վերականգնելուն ուղղված ուղղակի պարտավորությունը։

Ուրիշ բան, որ մեր ժողովուրդը առանձնապես շատ չի սիրում սեփական իրավունքի համար պայքարել։ Դրա համար էլ հույսը դնում է, իրենից բացի, ցանկացած մեկի վրա՝ լինի դա մի քանի տասնյակ Սասնա ծուռ, սարերից իջած մի խումբ ձիավոր, Ագռավաքարից դուրս եկող Մհեր, հնդկական կինոյի տղա Ռաջու, Ռուսաստան, Ամերիկա, թե Կամբոջա։ Ով ուզում է լինի՝ միայն հեռուներից գա ու իրեն ազատի։

Մինչդեռ ոչ միայն որևէ մեկը հեռուներից չի գալու և նրան ազատելու պարտավորություն չունի, այլև անարդարության դեմ պայքարի միակ եղանակը և առավել ևս՝ ամենաարդյունավետ եղանակը զինված ապստամբությունը չէ։ Կան այլ երկրների փորձով իշխանություններին խաղաղ հակազդեցության բազմաթիվ արդյունավետ եղանակներ, որոնք ճիշտ կիրառության դեպքում կարող են ծնկի բերել այնպիսի իշխանությունների, որոնք անգամ շատ ավելի կենտրոնացված ու ավտորիտար են, քան հայաստանյան իշխանությունները։

Մեր ընդդիմադիրները պարզապես պետք է իրենց նեղություն տան մեկ-մեկ էլ ինչ-որ բան կարդան ու սովորեն։

Ընտրություններ են սպասվում նաև ԱՄՆում։ Հայ համայնքը մշտապես հույսեր է կապել այն թեկնածուի հետ, որը նախընտրական շրջանում խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։Այս անգամ կարծես նման խոստումներ չեն հնչում։ Ձեր դիտարկմամբ՝ հայ համայնքը պե՞տք է սատարի որևէ թեկնածուի, և արդյոք ժամանակը չէ՞ ճանաչման պահանջից զատ՝ այլ առաջնահերթություններ դնենք հայամերիկյան հարաբերություններում։

– Այս հարցը, գոնե իմ ընկալմամբ, շատ ավելի տարողունակ է, քան պարզապես որևէ թեկնածուի կողմից Ցեղասպանության ճանաչման խոստման խնդիրն է։

Ընդհանրապես, կարծում եմ, շատ վաղուց հասունացած է խնդիրը, որ ինչպես ամերիկահայ համայնքը, այնպես էլ հայությունն ընդհանրապես ու Հայաստանը, որպես պետություն, վերջապես փորձեն պատասխանել մի քանի պարզագույն հարցի. ո՞վ ենք մենք, ո՞րն է արագորեն փոխվող աշխարհում մեր տեղն ու դերը այս պահին, ի՞նչ է մեր ուզածը այս աշխարհից և ընդհանրապես՝ ինչպե՞ս ու ինչպիսի՞ն ենք մենք մեզ, մեր ժողովրդին ու Հայաստան պետությունը ուզում տեսնել 10, 50, 100 տարի հետո։ Առանց ապագայի տեսլական ունենալու, միայն անցյալում ապրելով՝ ոչնչի չենք հասնի։

Ապշելու բան է՝ երբ փորձում ես փորփրել, չես գտնի որևէ կառավարական կառույց, որևէ քաղաքական, հասարակական ուժ կամ պետական ու ոչ պետական վերլուծական հաստատություն, որ թեկուզ հեռավոր կերպով ծրագիր կամ տեսլական հիշեցնող մի մշակում ունենար, թե, ասենք, ինչպիսին է տեսնում Հայաստանը 100, 50, 25 տարի հետո։ Լավ, գլուխը պատին 25 տարին, գոնե առաջիկա 10 տարվա կտրվածքով։ Այ, այդպես էլ ինքնահոսի ապրում ու ինքնահոսի «պետություն ենք կառուցում»՝ արդեն 30 տարի խրված «անցումային փուլում»՝ գլուխներս էլ թաղած 100, 500, 1000, 5000 (այս ուղղությամբ ֆանտազիաների գծով աշխարհում բացարձակ առաջատարների թվում ենք) տարիների՝ ծանրագույն ու հոգեկան շեղող մռայլ հիշողությունների ու տեղ-տեղ էլ հնարովի վարդագույն հերոսապատումների ավազների մեջ։ Անցյալ, որով փորձում ենք «բացատրել ու արդարացնել» մեր նվաստացուցիչ ներկան ու այս մտածողության պայմաններում բացարձակ հեռանկար չունեցող ապագան։

Այս համատեքստում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, իմ խորին համոզմամբ, եթե պետք է առաջադրվի, իսկ այն պետք է, անխոս, առաջադրվի, ապա այն կտրվածքով, որ դրա ճանաչումը պետք է անպայմանորեն միտված լինի Հայաստանի՝ որպես պետության, անվտանգության լրացուցիչ մեխանիզմի ստեղծմանը։ Նկատեք՝ հողի չէ, քանզի 21-րդ դարում հողը ոչինչ չի որոշում։ Ու ոչ էլ փողի (քանզի 21-րդ դարում հարստությունը փողը չէ, այլ նորարարական պոտենցիալն ու ինտելեկտը), այլ պատմական հանցագործության դատապարտման ու ըստ այդմ՝ Հայաստանի անվտանգության միջազգային լրացուցիչ գործուն բարոյական մեխանիզմի ստեղծման առումով։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Ցեղասպանության հարցը չի կարող և չպետք է դառնա ոչ Հայաստանին ու հայությանը հետաքրքրող միակ հարցը, ոչ էլ անգամ Հայաստանի անվտանգությունն ապահովելու միակ եղանակը։ Հայաստանը և հայությունը պետք է մտածեն արագորեն փոխվող աշխարհում իրենց նպատակների կազմակերպման ժամանակակից գործիքների կիրառման մասին ևս։ Նորից եմ կրկնում՝ պետք է ունենալ 50-100 տարի հեռավորության ապագայի զարգացման տեսլական և դրան միտված ներքին ու արտաքին քաղաքականություն։ Այդ դեպքում արդեն ոչ միայն ամերիկահայ համայնքը կիմանա հայ-ամերիկյան հարաբերություններում իր անելիքը, այլև աշխարհով մեկ սփռված Սփյուռքն էլ ավելի ռացիոնալ կծառայի Հայաստանի առաջընթացին։ Բայց դրա համար Հայաստանը պետք է հստակ պատասխանի գոնե մի պարզագույն ու անհետաձգելի հարցի՝ որտե՞ղ է ինքը՝ որևէ հեռանկար չունեցող իզգոյ դիկտատուրաներին միավորող՝ աշխարհի քաղաքակրթական պադվալում իր քաղաքացիների անվտանգությունը որևէ կերպ չերաշխավորող և տնտեսությունը կազմալուծող ԵՏՄ/ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ քաղաքակիրթ ու բարձր արագությամբ զարգացող, իր անդամների թե՛ անվտանգությունը և թե՛ կյանքի՝ այլոց համար ԵՐԲԵՎԷ անհասանելի բարձր որակը ապահովող Արևմուտքի հետ։ Հայաստանի առաջ այսօր հառնած ընտրությունը արժեքային-քաղաքակրթական է. շարունակական ու կտրուկ զարգացո՞ւմ, թե՞ հետընթաց ու դանդաղ մահացություն։ Անցյա՞լ, թե՞ ապագա։

Այ, երբ Հայաստանը՝ որպես պետություն, և հայությունը՝ որպես ազգ ու հավաքականություն, իրենց համար պատասխանեն այդ հարցին, արդեն էլ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Ֆրանսիայի, Արգենտինայի, Լիբանանի, Ավստրալիայի կամ Ռուսաստանի ու մյուսների հայության անելիքների մասով հարցեր չեն մնա։

Իսկ քանի դեռ այդ հարցին Հայաստանը չի պատասխանել կամ պատասխանել է սխալ, որևէ մեկի որևէ գործողություն շատ քիչ բան կփոխի։

Երեկ լրացավ Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը։ Ուշագրավ է, որ այս ոճրագործության չբացահայտման ֆոնին Ալեքսան Հարությունյանը կրկին վերադարձել է նախագահական նստավայր՝ որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, և ըստ այդմ էլ վերադասավորումներ են լինում հայկական մեդիա դաշտում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

– Ինչ վերաբերում է ձեր նշած անձին, եթե նրա հանդեպ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռ, և ընդհակառակը՝ կա արդարացման հիմքով կալանքից ազատվելու մասին որոշում, ապա նա ցանկացած մեկ այլ քաղաքացուց ոչ պակաս իրավունք ունի ցանկացած աշխատանքի նշանակվելու։

Այդուհանդերձ, այդ նշանակումը ևս մի անգամ վկայում է այն մասին, որ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի տարանջատումը արհեստական է ու մեդիոգեն։ Իրականում Սարգսյանը և Քոչարյանը ունեն հիմնականում նույն թիմը, և այդ թիմն էլ արդեն 18 տարի իրականացնում է մեն-միակ խնդիր՝ անձնական հարստացում։ Սրանք մարդիկ են, որոնց պատկերացումներն ապագայի մասին սահմանափակված են բացառապես այս մակարդակում՝ «այսօր է՞լ ինչ ատկատ կպցնենք ու երեկոյան ո՞ր օբյեկտը գնանք, ու քյաբաբը սոխո՞վ ուտենք, թե՞ առանց»։

Գուցե Հայաստանում ապրողներին ասածներս շատ պրոզայիկ թվան, բայց տարածությունը հնարավորություն է տալիս մանրուքներին ուշադրություն չդարձնելու երևույթները ամբողջության մեջ տեսնել։ Այնպես որ՝ քաղաքական գործունեության այդ բուռն իմիտացիան, որ այդ փոխկապակցված անոթներ հանդիսացող երկու թիմերի միջև է տեղի ունենում, կողքից մի քիչ ծիծաղելի է անգամ քննարկելու արժանի համարելը։

Դե, իսկ ինչ մնում է մեդիաոլորտի կառավարմանը, ապա կարճ կլինեմ. այն պահից, երբ մեդիաոլորտը ինքնակազմակերպվող բիզնեսից անցնում է պետական (կամ այլ) ֆինանսներով կարգավորման, նրա փոխանցած լրատվությունն ու վերլուծությունը դադարում են այլևս լինել ինֆորմացիա և սահուն վերածվում են պրոպագանդայի։ Մի երևույթ, որի արդյունքում լրատվամիջոցը իշխանության զսպման ու կարգավորման միջոցից վերածվում է այդ նույն իշխանության բութ գործիքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում