Հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նա կասկածվում է մոտ 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:
Ձերբակալությունը հաջորդել է կաշառքն ստանալուն: Իրավապահ մարմինների` մեր աղբյուրների փոխանցմամբ` օպերատիվ գործողություններն իրականացվել են ԱԱԾ-ի կողմից:
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն դատավորն անձեռնմխելի է: Նա չի կարող չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
Օրենսգրքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ: