Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է երկրում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակը։ Հասանովը Զալբերին իրազեկել է շփման գծում տիրող իրավիճակի մասին։
Զալբերն ընդգծել է, որ ԵՄ-ը կողմ է խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովմանը։
Զալբերի խոսքերով՝ ԵՄ-ը նպատակահարմար է համարում այդ ուղղությամբ բանակցություններ շարունակելը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր։