ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից կարտոֆիլը մթերելու խնդրին՝ նշելով, որ նախարարությանը կարտոֆիլ մատակարարողները կարտոֆիլը գյուղացիներից գնում են 40 դրամով, բայց զորամասերին հանձնում են 80 դրամով՝ պատճառաբանելով դա հարկերի, պահեստավորման ու բանվորական ուժի կիրառման գործոններով:
«Լավ կլինի, որ պաշտպանության նախարարության միջամտությամբ գյուղացուց գնվող ապրանքի գինը բարձրանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ի պատասխան նշեց, որ խնդիրը հստակ է՝ կարտոֆիլի, կաղամբի ու գազարի պարագայում մատակարարն իրականացնում է ծավալուն աշխատանք, գյուղացուց գնելուց հետո պահեստավորում է, որովհետև բանակը չի գնում հենց այդ պահին: Իսկ գինը, ըստ նախարարի, պայմանավորված է զորամասի հեռավորությամբ: «Կիլոգրամի մեջ մինչև 14 դրամը վառելիքի ծախսերն են»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: