ԱԺում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջարկը՝ դատապարտյալների համար կրթական ծրագրեր իրականացնել ազատության մեջ գտնվելուց 6 ամիս առաջ, դրական նախաձեռնություն է, հումանիստական քայլ է:
«Կա մի պարզ հարց՝ այս օրենսդրական նախաձեռնությունը դրակա՞ն է դատապարտյալների համար, թե ոչ: Իհարկե՝ այո, դրական է: Բացատրեմ: Մեր հասարակության խնդիրը ո՞րն է: Խնդիրն այն չէ, որ մարդիկ դատապարտվեն, հանցագործ աշխարհին ավելի նվիրված վերադառնան հասարակություն: Նրանք պետք է այդ վայրում ուղղվեն, վերադառնան որպես հասարակության ամբողջական, առողջ անդամներ: Այս օրենսդրական նախաձեռնությունը լուծում է այդ խնդիրը»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ նախագծով հնարավորություն է տրվում, որ դատապարտյալները ստանան կրթություն, ձեռք բերեն մասնագիտություն, որպեսզի ազատության մեջ օգնեն իրենց ընտանիքին, պիտանի լինեն հանրությանը:
«Մենք պետք է զերծ մնանք այն հնացած մտածելակերպից, որ դատապարտյալները հանրության լիարժեք անդամներ չեն: Առհասարակ Դատավորը վերևն է… Մենք գնահատական չտանք, թե ով է մեղավոր, ով ոչ, ով է ավելի շատ մեղք գործել՝ մե՞նք, որ ապրում ենք այստեղ, թե՞ նրանք, ովքեր, կյանքի բերմամբ,գտնվում են այլ վայրերում… Դատապարտյալները մեզնից վատը չեն, հարց է, թե ով ավելի շատ մեղք ունի»,- ասաց Շարմազանովը և հավելեց՝ մի դատիր, որ չդատվես, քրիստոնեական այս մոտեցումը պետք է հիշել: Պետք է կողմ քվեարկել այս հումանիստական նախաձեռնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: