Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ պարզաբանում տալու համար 1956 թվականի իրադարձությունների վերաբերյալ ռուսական պետական ԶԼՄ-ների վիրավորական գնահատականների համար։
Հունգարիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ոչ ոքի թույլատրված չէ նվաստացուցիչ տոնով խոսել հեղափոխության ու նրա հերոսների մասին։ Հունգարիայի ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ ռուսական պետական ԶԼՄ-ները 1956 թվականի հունգարական ապստամբությունը որակել են որպես «ջարդ» և «առաջին գունավոր հեղափոխություն»։
1956 թվականի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ին Հունգարիայում կոմունիստական ռեժիմի դեմ բռնկված զինված ապստամբության ժամանակ սպանվել է 2500 հունգարացի և մոտ 700 խորհրդային զինվոր։ Ապստամբության ճնշումից հետո Հունգարիան լքել է երկրի մոտ 200.000 քաղաքացի։