Թուրք և ռուս զինվորականները մշտական կապի մեջ են գտնվում և Սիրիայի հարցով փոխանակվում են հետախուզական տվյալներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Channel 24 ֆրանսիական հեռուստաալիքի եթերում։
«ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումից հետո առկա է արդյունավետ մեխանիզմ, մենք փոխանակվում ենք հետախուզական տվյալներով։ Գլխավոր շտաբերի հրամանատարները մշտապես բանակցություններ են անցկացնում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ նման համագործակցությունը օգուտ է բերում։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին հետախուզական տվյալներով փոխանակվում է նաև այլ երկրների, այդ թվում կոալիցիայի մասնակիցների և Պարսից ծոցի պետությունների հետ։
Անդրադառնալով ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործընացին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողություն կսկսի Իրաքում։