ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանը ինչ մոդելի տեսքով է տեսնում մոտավորապես 10 տարի հետո, նշել է, որ ոչ թե եվրոպական, այլ հայկական մոդելի տեսքով: ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ իր դիտարկամամբ՝ հայկական մոդելը նշանակում է անկախ Հայաստան. «Սպասելիքներ կային, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի անկախության հռչակագրով հանդես կգար»:
Ա. Արշակյանի խոսքով՝ Կառավարության ծրագրում անկախության մասին չի խոսովում. «Ընդհակառակը, նշվում է, որ հավատարիմ ենք մնում արդեն գոյություն ունեցող միություններին, որոնք մեզ գերեվարել-տարել են: Կառավարության ծրագրում ներկայացված բոլոր խնդիրների պատճառը հենց այն է, որ Հայաստանը անկախ չէ:
Ժողովրդավարական Հայաստանում պետք է լինի մրցակցային, փոփոխության ենթակա իշխանություն, իշխանությունը պետք է պարբերաբար հեռանա, ցանկացած կառավարության առաջին ծրագիրը պետք է լինի այն, որ հենց որ ձախողվի, պետք է հեռանա, նույնիսկ եթե չձախողվեն, որոշակի ժամանակ անց պետք է հեռանան: Դրա մասին այս կառավարաության ծրագրում չկա: Չկա քաղաքական մրցակցության, հետևաբար նաև տնտեսական մրցակցության մասին: Կառավարության ծրագրի «հմայքը» հենց այն է, որ ամենագլխավոր բաների մասին նշված չէ»:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ հարստության մեջ խեղդվող Ռուսաստանը ծնկի է եկել, 20 մլն աղքատ կա այնտեղ: Եվ մեզ պարտադրված է նրա օրինակը: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանն ունի ընտրության հնարավորություն ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, և վստահ է, որ Հայաստանը չի կարող ընտրել վատը: Նրա դիտարկմամբ՝ պետք է համապատասխան չափանիշներ որդեգրել.«Ցեխոտ ոտքերով Եվրոպայի հետ չես գործակցի»:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտություն կա, որ միավորվեն այն քաղաքական ուժերը, որոնք արևմտյան կողմնորոշում ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում: