«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն իր ներկայիս պաշտոնում նշանակվելուց հետո ռադիո գնում է զենքով:
Հիշեցնենք, որ նա հանրային ռադիոյի գործադիր տնօրեն նշանակվեց այս տարվա փետրվարի 3-ին, իսկ 2013 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի հուլիսը եղել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը:
«Ժողովուրդ»-ը Արման Սաղաթելյանից փորձեց պարզել, թե ինչու է զենքով աշխատանքի գնում: «Զենքն անվանական է, որով ես պարգևատրվել եմ ԼՂՀ ՊԲ-ի կողմից՝ ՀՀ ԶՈՒ համակարգում երկարամյա աշխատանքի ընթացքում: Զենքը տիրապետելու, պահպանելու և կրելու ընթացքում խստորեն հետևում եմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին, մասնավորապես «Զենքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումներին ու պահանջներին»:
Սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ զենքով ռադիոյի շենք մտնելը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, օրինակ, զենք չունի: «Ժողովուրդ»-ին նա հավաստիացրեց, որ ինքը զենք չի ունեցել և չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում