«Ազգային ժողովը այդպես էլ քննության առարկա չդարձրեց, թե ովքեր են մեղավոր, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում ունեցանք այդպիսի կորուստներ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ԱԺ-ն հանձնաժողովների միջոցով քննության առարկա դարձնի այդ հարցը»: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա կարծում է, որ պետք է պատասխանատվության կանչել մեղավորներին:
«25 տարվա ընթացքում մենք առաջին անգամ ունեցանք տարածքային կորուստներ, որի վերաբերյալ քննարկում և կորուստը վերականգնելու վերաբերյալ լուծում մենք չունեցանք: Մենք չունենք նաև պատասխան համապատասխան պաշտոնյաներից, նրանցից մեկն էլ հայտարարեց՝ եթե ցանկություն կա, թող գնան ազատագրեն: Մեր հերոսները ցանկություն հայտնեցին և այժմ կալանավորված են: Սա ևս պետք է քննարկման առարկա դառնա, որպեսզի մեր հերոսնեը, որոնք հանիրավի բանտախցերում են, ազատ արձակվեն»,- նշեց Զարուհի Փոստանջյանը՝ հորդորելով հատուկ նիստ հրավիրել կամ համապատասխան հանձնաժողովներում այս հարցը քննարկման առարկա դարձնել:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե չի կարծում, որ քննարկելու հարց կա և մեղավորներ կան, այնուամենայնիվ, նա խորհուրդ տվեց, որ եթե հարկ է համարում, Զ. Փոստանջյանը իր բարձրացրած հարցերի քննարկման համար դիմի հանձնաժողովներին:
Մանրամասները՝ տեսանյութում: