Եվրամիության երկրների ընկերությունները տարեկան կկորցնեն 9.7 մլրդ դոլար ավելի, քան բրիտանական ընկերությունները Brexit-ի կոշտ սցենարի դեպքում։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով Civitas հետազոտական ծառայության տվյալներին։
«Մենք հանդիսանում ենք Եվրոպայի համար արտահանման կարևորագույն շուկա։ Մայրցամաքային Եվրոպայում ոչ ոք չի շահի Մեծ Բրիտանիայի հետ առևտուր անելու հնարավորության կորստից»,-ասել է Միացյալ թագավորության տրանսպորտի հարցերով նախարար Քրիս Գրեյլինգը։ Նախարարը վստահ է, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կպահպանեն առանց մաքսատուրքների առևտրի ռեժիմը և «խելամիտ առևտրային համաձայնագրերը», քանի որ դա բխում է երկու կողմերի շահերից։
Պարբերականը հույս է հայտնել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաշվի կանեն հետազոտական ծառայության նոր տվյալները որպես ապացույց այն բանի, որ Brexit-ի կոշտ տարբերակը ձեռնտու չի լինի առաջին հերթին հենց Եվրոպայի համար։