Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել դիմակայել Եվրոպայի «խորհրդայնացմանը»՝ հայտարարելով եվրոպական երկրների անկախությունը սասանելու Բրյուսելի փորձի մասին։
Հունգարիայի նախարարական կաբինետի ղեկավարը նաև հանդես է եկել հօգուտ Եվրոպայում ինքիշխան պետությունների ու քրիստոնեական ավանդույթների պահպանման և կոչ արել պաշտպանել սահմանները ներգաղթյալների հոսքից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ազատասեր մարդիկ պետք է փրկեն Բրյուսելը խորհրդայնացումից՝ նրանցից, ովքեր ցանկանում են ցույց տալ մեզ, թե ում հետ պետք է ապրենք մեր սեփական երկրում»,-հայտարարել է Օրբանը։
«Չի կարող լինել ազատ Եվրոպա՝ առանց ազգային պետությունների ու քրիստոնեության հազարամյա իմաստության»,-կարծում է Օրբանը։ «Մենք ցանկանում ենք լինել եվրոպական ազգ, այլ ոչ թե ազգություն Եվրոպայում»,-ասել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ չի կարելի «կտրել արմատները, որոնք Եվրոպան դարձրել են մեծ»։
Օրբանը հերթական անգամ կողմ է արտահայտվել Հունգարիայի պետական սահմանների փակմանը՝ երկիրը ներգաղթյալների հոսքից պաշտպանելու համար։