Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերն առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հետ ճապոնական Միսավա բազայում: Այս մասին հայտնում է «Սանկեյ» թերթը:
Guardian North 16 զորավարժությունները կլինեն առաջինը Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ, երբ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը երկրի տարածքում զորավարժություններ կանցկացնեն որևէ այլ պետության զինծառայողների հետ՝ բացի ԱՄՆ-ից:
Կիրակի մեկնարկելիք զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի չորս Eurofighter Typhoon կործանիչ, Mitsubishi F-2 կործանիչ-ռմբակոծիչներ և Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերի McDonnell Douglas F-15 Eagle կործանիչներ:
Ենթադրվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն գործողությունները ինքնիշխան պետության օդային տարածք օտարերկրյա օդանավերի ներխուժման դեպքում: