Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կողմ է քվեարկել Սիրիայի Հալեպ քաղաքի դեպքերի համար հատուկ անկախ հետաքննություն անցկացնելուն։
Խորհրդի նիստում Մեծ Բրիտանիայի, արևմտյան այլ և արաբական երկրների ներկայացրած առաջարկի օգտին քվեարկել է 24, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 16 երկիր։
Նիստի ժամանակ ընդգծվել է, որ ոչ վաղ անցյալում Հալեպում մարդու իրավունքների ոլորտում վատթարացել է իրավիճակը, ինչի պատճառը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և նրա դաշնակիցների գործողություններն են։
Փաստաթղթում Ասադի ռեժիմից ու նրա դաշնակիցներից պահանջվում է անհապաղ դադարեցնել Հալեպի ռմբակոծություններն ու ռազմական թռիչքները։
Փաստաթղթում առաջարկվում է հատուկ հետաքննել Հալեպի դեպքերը և զեկույց պատրաստել մինչև խորհրդի հաջորդ նիստը, որը նշանակված է 2017 թվականի մարտին։
Փաստաթղթում ընդգծվում է մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտութունը, և այդ հարցում կարևոր դեր է վերապահված Միջազգային քրեական դատարանին։