News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պրահայում տեղի ունեցած Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման արդյունքները։
Պատասխանելով «Մաեստրո» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ կարոտում է Թբիլիսիի հետ հարաբերություններին. «Կողմերը հաստատեցին երկկողմ հարաբերությունների հետագա փուլային պրագմատիկ կուրսը, որոնց մենք հիրավի կարոտում ենք։ Բոլորը կարոտել են ռուս-վրացական նորմալ հարաբերություններին»։
Խոսելով զբոսաշրջային ոլորտի հեռանկարների մասին՝ Զախարովան հայտարարել է. «Լսել եմ Վրաստանի հանգստավայրերի մասին։ Իմ բազմաթիվ ընկերներ ասել են, որ այնտեղ իրենց շատ դուր է եկել»։
Վերջում Զախարովան նշել է, որ հայտարարել է չափից ավելին և անմիջապես անցում է կատարել այլ հարցերի։ Աբաշիձեի ու Կարասինի վերջին հանդիպումը Պրահայում անցկացվել է հոկտեմբերի 19-ին։ Նրանց հաջորդ հանդիպումն անցկացվելու է 2017 թվականի սկզբին։