«Հոկտեմբերի 4-ից սկսած՝ մենք դեռ ծանոթանում ենք գործի նյութերին, ծանոթանում ենք այդ 35 հատորներին։ Այս պահի դրությամբ որևէ նորություն դեռևս չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։
Վերջինիս մտահոգում է իր պաշտպանյալի առողջական վիճակը։
Հիշեցնենք, որ կալանավորումից հետո Վահան Շիրխանյանը ոտքի վիրահատություն է տարել, նա դժվարությամբ էր կարողանում տեղաշարժվել։
Հայկ Ալումյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ, և նրան համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվում. «Անհրաժեշտ բաները չեն կատարվում, հակառակ պարագայում նրա վիճակը ոչ թե կվատանար, այլ պետք է գնար դեպի լավը»։
Պարոն Ալումյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերից սկսած քննչական գործողություններ այլևս չեն կատարվել։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 19-ին ԱԱԾ-ի կողմից՝ Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակներում։