Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ հարկադիր վերաբնակների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Չալոկա Բեյանին հայտարարել է, որ ամենահոռետեսական կանխատեսումներով ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողության հետևանքով փախստականների թիվը կարող է հասնել 1 միլիոնի։
Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 17-ին մեկնարկած գործողության առաջին շաբաթվա ընթացքում Մոսուլը կարող է լքել մոտ 200.000 մարդ.
«Ընդհանուր առմամբ Մոսուլի գործողության հետևանքով կարող է տուժել 1.5 միլիոն քաղաքացիական անձ, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաներ։ 700.000 մարդ կարող է մնալ առանց տանիքի, և անհրաժեշտ է նրանց տեղավորել ժամանակավոր կացարաններում»։
Բեյանին հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել քաղաքացիական անձանց իրավունքները։ Մոսուլը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականի հունիսից։