Լուրեր
Հաջորդ հարձակումը ժամանակի հարց է, բայց այսօր շատ ավելի պատրաստ ենք պատերազմին
  • 21:00
  • 2016-10-15
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, սկսենք ՀԱՊԿ գագաթնաժողովից: Երևանում կայացավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցեցին անդամ պետությունների ղեկավարները՝ բացառությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Եթե փորձենք ընդհանուր եզրակացություն անել անվտանգության այս համակարգի վերաբերյալ, որին անդամակցում է Հայաստանը, ի՞նչ դեր է այն խաղում Հայաստանի անվտանգության ապահովման և ամրապնդման հարցում:
– Կարծում եմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախ և առաջ պիտի փոխի իր անունը և վերանվանվի դաշինք, որովհետև իրականում այն ո՛չ հավաքական է, ո՛չ էլ անվտանգ, այլ դատարկ նավ է Ռուսաստանի ուժի և ազդեցության պաշտպանության համար:

Այդուհանդերձ, Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովը շատ հետաքրքիր իրադարձություն է այն իմաստով, որ կրկեսը գալիս է մեր քաղաք: Պարտադիր չէ այս իրադարձությունը համարել պատասխան ՆԱՏՕ-ին, ինչը Հայաստանը կարողացավ շատ շրջահայաց կերպով բացառել՝ ի տարբերություն Վրաստանի: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը դեռևս պետքական կառույց է՝ որպես անվտանգության խաղացող:

Ամենահետաքրքրականն այն է, որ Մոսկվան փորձում է հայ գործչի ներկայացնել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ այդպիսով ավելի մեծ պատասխանատվության տակ դնելով Հայաստանին կազմակերպության հեղինակության համար: Բարեբախտաբար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մերժեց այդ առաջարկը, բայց ամեն դեպքում կարող ենք փաստել, որ կրկեսը եկել է Երևան:

– Հայաստանը այսպիսով հնարավորություն է ստացել առաջին անգամ նշանակելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի:

– Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է, օրինակ, «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերումը: Անվտանգության ոլորտում գործնական օգուտներ ստանալու առումով այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի՞, թե՞ մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Կարևորն այստեղ հայ-ռուսական հարաբերություններն են, ոչ թե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետև մենք շատ քիչ օգուտ ունենք Ղրղըզստանից, Ղազախստանից և Բելառուսից անվտանգության հարցերում:

– Կարծում եք՝ Հայաստանի զինված ուժերի վերջին համալրումները՝ «Իսկանդեր», «Սմերչ» և այլն, իսկապե՞ս փոխեցին քաղաքական և ռազմական իրավիճակը տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ այո: Անկախության տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ այդ զինատեսակների ցուցադրությունը զսպման ուղերձ էր Բաքվին, ինչպես նաև Մոսկվային և ամբողջ աշխարհին: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ռազմական ոլորտում ինքնաբավ է, և սա շատ ավելի կարևոր է, քան որևէ դաշնակցային պարտավորություն կամ համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ: Նկատի ունեմ՝ Հայաստանի ազգային անվտանգության իրական ապագան ավելի շատ երկրի ներսում է, քան դրսում:

– Բայց այդ զինատեսակների մատակարարումը ուղերձ էր նաև Մոսկվայի կողմից Հայաստանի հանրությանը, որ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, այդպես չէ՞:

– Դուք նայում եք խաղի միայն մի կողմին: Այո, ես համաձայն եմ, որ դա կարևոր քայլ է և ողջունելի է, բայց դա հարցի միայն մի կողմն է, որովհետև Ռուսաստանը այժմ բանակցում է Ադրբեջանի հետ զենքի վաճառքի մեկ այլ համաձայնագրի վերաբերյալ և Ադրբեջանին կվաճառի ավելի թանկարժեք զինատեսակներ: Այսպիսով, այս մատակարարումները բարձրացնում են էսկալացիայի մակարդակը և ավելի վտանգավոր են դարձնում սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում: Ռուսաստանը անում է այն, ինչ բխում է իր շահերից: Գուցե Հայաստանի և ռուսամետ հայերի համար անակնկալ է, բայց Ռուսաստանի և Հայաստանի շահերը միշտ չէ, որ համընկնում են, և դա ցույց է տվել պատմությունը:

– Անդրադառնանք Ղարաբաղյան հիմնախնդրին: Ինչո՞վ եք բացատրում լարվածության աճը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, որ տեսնում ենք վերջին շրջանում:

– Վերջին լարվածությունը, դժբախտաբար, նորություն չէ: Լարվածության, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների բացակայությունն է, ցավոք, բացառություն: Ռազմավարական համատեքստում սա նշանակում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը չունեն դաշնակից խաղաղության հարցում: Սա նաև նշանակում է, որ խաղաղության գործընթաց չկա: Ադրբեջանը հեռացել է բանակցային սեղանից: Իրական մարտահրավերը ոչ թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլ Մինսկի խմբի և միջազգային հանրության համար է: Ադրբեջանի հաջորդ հարձակումը միայն ժամանակի հարց է, բայց ապրիլի համեմատ՝ տարբերությունն այն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լավ են պատրաստված պատերազմին, և ադրբեջանցիները զրկվել են անակնկալ հասցնելու հնարավորությունից:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին, թե՝ առայժմ Ղարաբաղյան խնդրի լուծման նախադրյալներ չկան, քանի որ նախ և առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն դրան: Սա քաղաքակա՞ն ուղերձ է:

– Այո, դա քաղաքական ուղերձ է, և դա ամերիկյան քաղաքական ուղերձ է՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից առաջ: Հակամարտության կողմերին քաղաքական կամքի բացակայության համար մեղադրելը հարմար և բավական ճիշտ ձև է՝ բացատրելու, թե ինչու Միացյալ Նահանգները այլևս ուղղակիորեն չի ներգրավվում գործընթացին: Գլխավոր խնդիրն այստեղ, չնայած դիվանագիտական քաղաքավարությանը, այն է, որ Միացյալ Նահանգները շատ քիչ լծակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանը շարունակում է մնալ թիվ մեկ խնդիրն ու խոչընդոտը անգամ հրադադարի պահպանման շուրջ բանակցություններ վերսկսելու համար:

Այսքանով հանդերձ, կարծում եմ՝ Հայաստանը և Ղարաբաղը պիտի ժամանակավորապես հետաձգեն մասնակցությունը խաղաղության գործընթացին և պահանջեն, որ Ադրբեջանը կատարի ավելի վաղ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումների ժամանակ տրված խոստումներն ու պարտավորությունները: Թերևս Հայաստանը և Ղարաբաղը չպետք է ակտիվություն ցուցաբերեն և մասնակցեն բանակցություններին, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր այդ խոստումները և չի աջակցել կայացված պայմանավորվածությունների իրագործմանը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում, շփման գծում մշտադիտարկումներ իրականացնող դիտորդների թվաքանակի ընդլայնում և այլն:

– Այսպիսով, այս ուղերձն ավելի շատ հասցեագրված էր Բաքվի՞ն:

– Այն հասցեագրված էր նաև Միացյալ Նահանգների ներքին լսարանին, չի կարելի անտեսել այդ հանգամանքը: Ավելի հետաքրքիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքի հայտարարությունը, որն ընկալել էր Քերիի հայտարարությունը, և այդ հայտարարության մեջ արտացոլված էր շատ ավելի անկողմնակալ հիասթափություն և ափսոսանք: Մինսկի խումբն այժմ կփորձի վերադառնալ տարածաշրջան հոկտեմբերի վերջին, և մենք կարող ենք տեսնել հերթական ներկայացումը Ադրբեջանի «հրաշալի» կառավարության կողմից, որի դիվանագիտական ռազմավարությունը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմավարական: Խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգը գալիս է միայն մեկ տեղից՝ Բաքվից:

– Այսինքն՝ Դեմոկրատական կուսակցությունը հույս ունի, որ կպահպանի իշխանությունը նախագահական այս ընտրություններից հետո, այդ պատճառո՞վ է Ջոն Քերին հայտարարություններ անում այս հարցի վերաբերյալ, որ իրենք ծրագրեր ունեն լուծելու Ղարաբաղյան խնդիրը:

– Ես համամիտ չեմ: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան իրատեսական ակնկալիքներ չունեն, որ կարելի է ճեղքում իրականացնել դիվանագիտական գործընթացում, որովհետև բացակայում է քաղաքական կամքը, բայց բեռն ու խոչընդոտը կրկին Ադրբեջանի ներսում է: Ղարաբաղյան հակամարտությունը շատ լավ միջոց է Ադրբեջանի իշխանությունների համար՝ շեղելու հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ճգնաժամը և բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ:

Եթե խոսենք Դեմոկրատական վարչակազմի մասին, ապա հույս ունեմ, որ հաջորդ նախագահը կլինի Հիլարի Քլինթոնը, ոչ թե Դոնալդ Թրամփը, և դա լավ կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը և Մինսկի խումբը այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանը շարունակում է աշխատել Արևմուտքի հետ, ոչ թե Արևմուտքի դեմ, և սա պիտի ավելի լավ գիտակցվի:

– Եվ սա կարևոր է նաև Սիրիայի հարցի շուրջ ռուս-ամերիկյան լարվածության համատեքստում:

– Դա ավելի կարևոր է, քան պարզապես Սիրիայի հարցը, այն կարևոր է, որովհետև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ եղել են ավելի լայն՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ենթակետերից մեկը:

– Իսկ որքանո՞վ է Սիրիայի հակամարտությունը այսօր ազդում Ղարաբաղյան գործընթացի վրա:

Այն չի ազդում, այնուամենայնիվ՝ սիրիական հակամարտությունը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը ոչ միայն ռուս-թուրքական հարաբերություններում, այլև Ռուսաստանի հետ Արևմուտքի քաղաքականության մեջ: Ավելի մտահոգիչ է այն, որ առայժմ հեռանկարներ չկան լուծելու Սիրիայի խնդիրը, և մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս Կալինինգրադը, որտեղ տեղակայված են ռուսական հրթիռներ Լիտվայի դեմ, ինչի պատճառով կարող է առաջանալ նոր «Կուբայի ճգնաժամ»:

– Իլհամ Ալիևը հայտարարեց, թե միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ձեր գնահատականը այս հայտարարությանը:

– Նախ, ես ուզում եմ գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որովհետև նա նույնքան ստեղծարար է, որքան Հարի Փոթերի գրքերը, նրա հնարամտությունը և վայրի երևակայությունը շատ հետաքրքիր է: Բայց որպես քաղաքական առաջնորդ՝ նա շատ անպատասխանատու և անխոհեմ հայտարարություն է արել:

– Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ ինչ-որ բան է փոխվել բանակցային գործընթացում, և այժմ միջազգային հանրությունը պահանջում է Ադրբեջանից նախ ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

– Միակ բանը, որ կարող ենք եզրակացնել, բանակցային գործընթացում շատ կարևոր մի փոփոխություն է՝ այն, որ խաղաղության գործընթաց իրականում չկա: Երկրորդը՝ Ադրբեջանի տնտեսական ճգնաժամն այսօր դարձել է ամենալուրջ սպառնալիքը Ալիևի իշխանության համար: Ադրբեջանը գնալով գործում է թույլի, ոչ թե ուժեղի դիրքերից, ինչը նրանց դարձնում է անկանխատեսելի:

– Ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացը առաջիկա ամիսներին, սպասո՞ւմ եք արդյոք որևէ ակտիվություն մեծ տերությունների և հակամարտող երկրների կողմից:

Նախ, ինչպես ցույց են տալիս Սիրիայի իրադարձությունները, մեծ տերությունները իրականում ո՛չ մեծ են, ո՛չ էլ այդքան ուժեղ այս օրերին: Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ դիվանագիտական գործընթացը վերադառնում է իր հիմքերին, և միջնորդները հիմա ձգտելու են պահպանել երկու երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների շփումները և կանխել հակամարտության նոր սրացումը կամ պատերազմը: Միջազգային հանրության ուշադրությունն այսօր կենտրոնացած է մի շարք այլ խնդիրների և սպառնալիքների վրա: Լեռնային Ղարաբաղը օրակարգի առաջնային հարցերից չէ: Այնուամենայնիվ, հասկանալի է, թե որքան վտանգավոր է, եթե չես կարողանում կանխատեսել և վերլուծել Ադրբեջանից եկող սպառնալիքը: Ամեն դեպքում, կարծում եմ, առաջին հերթին տարածաշրջանի երկրները պիտի ժողովրդավարացվեն, և միայն դրանից հետո կարող ենք հիմնախնդրի դիվանագիտական լուծման հույս ունենալ:

– «Մեծ տերություններ» ասելով՝ ես նկատի ունեի Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա:

Ես, միևնույն է, կարծում եմ, որ նրանք ո՛չ մեծ են, ո՛չ էլ ուժեղ, եթե նայենք, թե ինչ է այսօր կատարվում Հալեպում կամ Սիրիայում, երբ աշխարհը մի կողմ կանգնած՝ ականատես է լինում դժոխքին երկրի վրա:

– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս շաբաթվա սկզբին մասնակցել է Նյու Յորքում կայացած «Հայաստան» ներդրումային համաժողովին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տնտեսական և քաղաքական նշանակություն ունի այս միջոցառումը:

– Քաղաքավարի լինելու և դիվանագիտական պատասխան տալու համար կասեմ, որ՝ այո, դա լավ գաղափար է, պիտի աջակցենք Հայաստանի ներգրավմանը միջազգային տնտեսությանը, բայց իրականում ես համոզված չեմ, որ Հայաստանը գործնական օգուտներ կունենա դրանից: Դեռ պիտի սպասենք և տեսնենք, թե արդյոք կլինե՞ն գործնական օգուտներ, թե՞ ոչ: Քանի դեռ չեն թիրախավորվել կոռուպցիան և օլիգարխները, և չի վերացվել այն վտանգը, որ նրանք են ներկայացնում, չենք կարող օտար ներդրումների հույս ունենալ:

  • Դիտումներ՝ *