Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց ԽՍՀՄ կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության եւ Բարի Կամքի խաղերի մրցանակակիր Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 11-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարի պաշտոնական մեկնարկին ներկա էին Մեջլումյանի ընկերները, անվանի ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի խոսքով իրենք վաղեմի ընկեր են եղել և հիմա էլ մեծ ջերմությամբ են հիշում փորձառու մարզիկին: «Գնելին հիշում ենք, որպես լավ մարդ, լավ ընկեր և լավ ըմբիշ»,-շեշտեց Ջուլֆալակյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ Գնել Մեջլումյանը իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: «Գնել Մեջլումյանն ազատ ոճի ըմբշամարտում իր ձեռագիրն է թողել: Մեզ համար երազանքի նման բան էր իր հետ մարզվելը»,-ասաց Բաղդադյանը:
Գնել Մեջլումյանի անվան 11-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են մոտ 300 պատանի ըմբիշներ, ովքեր կպայքարեն 12 քաշային կարգերում: Մրցաշարն անցկացվում է 2006 թվականից: