Samsung ընկերությւոնը հայտարարել է իր Galaxy Note 7 սմարթֆոնի նոր մոդելի բոլոր վաճառքների դադարեցման մասին` կապված այն հաղորդագրությունների հետ, որ սարքի այրվելու դեպքերը շարունակվում են նաև վերանորոգումից հետո, հայտնում է BBC-ն:
Ընկերությունը նաև նոր մոդելը ձեռք բերած սպառողներին կոչ է արել այն չօգտագործել և անջատել սնուցումից, քանի դեռ մասնագետները փորձում են պարզել խոտանի պատճառները:
«Քանի որ մեր գլխավոր առաջնահերթությունը մնում է օգտվողների անվտանգությունը, Samsung-ը խնդրում է իր բոլոր մեծածախ և մանրածախ գործընկերներին՝ ամբողջ աշխարհով դադարեցնել Galaxy Note 7-ի վաճառքը և փոխանակումը, քանի դեռ շարունակվում է հետաքննությունը»,- հաղորդել է ընկերությունը:
Samsung-ը Galaxy Note 7-ը ներկայացրել է օգոստոսին: Այն ժամանակ սմարթֆոնը անվանել են Android բազայով լավագույն հեռախոսներից մեկը: Այն պետք է դառնար Apple ընկերության iPhone 7-ի հիմնական մրցակիցը: