Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության՝ ծանր հանցանքների քննչական վարչությունը շարունակում է հետաքննել արդեն իսկ լուծարված Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նախկին աշխատակիցների գործը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը։
2015 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱԱՆ նախկին աշխատակիցների դեմ՝ կապված ապօրինի գաղտնալսումների ու ձեռնարկատիրության հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2015 թվականի հոկտեմբերին ԱԱՆ ղեկավարի պաշտոնից հեռացրել էր Էլդար Մահմուդովին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։
Դրանից հետո տեղի էին ունեցել գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումներ, որոնց դեմ հարուցվել են քրեական գործեր։ Գարալովը հայտարարել է, որ հանցանքների համար մեղավորները անպատիժ չեն մնա։