Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունները շարունակում են համատեղ գործողությունները՝ բացահայտելու համար Ադրբեջանում ու Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը։
Ավելի վաղ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Եվրոպական կոնվենցիային համապատասխան, միջնորդություն է ուղարկել Թուրքիայի Գլխավոր դատախազությանը՝ այդ երկրի տարածքում համատեղ գործողություններ իրականացնելու համար, որոնք միտված են գյուլենականների բացահայտմանը։
Գարալովը հայտարարել է, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մոտ ժամանակներս պատվիրակություն կուղարկի Թուրքիա՝ այդ հարցի շուրջ փոխգործակցությունը շարունակելու համար։
Օգոստոսի 12-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը ստեղծել են օպերատիվ-քննչական համատեղ խումբ՝ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ պայքար մղելու համար։