Ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ «Շառլ դե Գոլ» ավիակրի տախտակամածից, որտեղից կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել իրաքյան Մոսուլ քաղաքի շրջանում ԴԱԻՇ-ի դիրքերին։
Ավիակիրը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան մասում՝ Կիպրոսի ափից ոչ հեռու։ Ավիակրի տախտակամածից գործի են դրվել Rafale կործանիչները։
Ավիակրի ժամանումը մարտական գործողությունների շրջան եռակի կմեծացնի ֆրանսիական ռազմական ինքնաթիռների թիվը, որոնք հարվածում են ԴԱԻՇ-ի դիրքերին։ Ներկայում Հորդանանի և ԱՄԷ-ի օդակայաններում տեղակայված են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 12 ինքնաթիռներ, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ հարձակումներին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում։