Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը դատապարտելու համար:
Էրդողանը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրն իրենց հրամցնում են որպես հաղթանակ, մինչդեռ Թուրքիան դրանով զիջել է Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ, ինչի համար էլ մինչ այժմ շարունակվում է Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի համար մղվող պայքարը:
Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ ընդամենը երկու ամիս առաջ, երբ նշվում էր Լոզանի պայմանագրի 93-ամյակը, Էրդողանն այն որակել էր որպես հաղթանակ և նոր պետության (Թուրքիայի Հանրապետություն) կազմավորման վկայություն:
«Լոզանում ստորագրված պայմանագիրը նշանավորեց Թուրքիայում ազգային-ազատագրական պատերազմի ավարտը: Անգամ այդ ժամանակվա թշնամական երկրների ղեկավարները չէին կարող ենթադրել, թե ինչպես կարելի է նվաստացնել այն պայմանագիրը, որը մեր երկիրը ձևավորեց որպես անկախ պետություն»,- գրել է ԺՀԿ նախագահը:
Քըլըչդարօղուն ընդգծել է, որ այդ անընդունելի ու սխալ հայտարարությունը համապատասխանել է Էրդողանի ոգուն, որը մինչ այժմ չի յուրացրել ժողովրդավարության ու լաիցիզմի գինը: