Աշխարհում միջազգային զբոսաշրջիկների թիվը 2016-ի առաջին կիսամյակում աճել է 4 տոկոսով և կազմել 561 մլն մարդ։ Այս մասին են վկայում Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ամենաակտիվը նախկինի պես մնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Այստեղ նշվում է միջազգային այցելուների 9 տոկոսանոց աճ, ինչն ամենամեծ ցուցանիշն է աշխարհի բոլոր տարածաշրջաններրի շարքում։ Ամերիկայում օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 4 տոկոսով։ Եվրոպան, չնայած ցուցաբերել է 3 տոկոսի համընդհանուր աճ, իրականում ունի խառը արդյունքներ. կայուն աճը որոշ երկրներում փոխհատուցվում է այլ երկրների ցածր ցուցանիշներով»,- նշվում է հաղորդագրությունում։ Աֆրիկայում աճը կազմել է 5 տոկոս։ Մերձավոր Արևելքում զբոսաշրջիկների թիվը նվազել է 9 տոկոսով։
Նշվում է, որ 2016 թվականի առաջին կեսին Չինաստանը մնացել է ամենամեծ արտագնա շուկան աշխարհում և ցուցաբերել օտարերկրյա ուղևորությունների ծախսերի երկնիշ աճ։ ԱՄՆ շուկան ցուցաբերել է արտագնա տուրիզմի ծախսերի 8 տոկոս մեծացում։