Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին GDS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն հայրենիք վերադառնալու դեպքում սպասում է բանտախուցը։
Վրաստանում Սաակաշվիլու հանդեպ հայտարարված է ներպետական հետախուզում։ Երկուշաբթի Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլին Օդեսայից թունել կփորի մինչև Թբիլիսի և կնշի իր հիմնած կուսակցության հաղթանակը։
Դրա հետ կապված՝ Իվանիշվիլին հայտարարել է. «Այդ «առաջնորդը» (Սաակաշվիլի) քարոզում է Ուկրաինայից, իսկ նրա կինը փորում է ինչ-ինչ թունելներ։ Մենք պատիժների իրագործման համակարգի պլանում արդեն հեռու չենք Եվրոպայից։
Մենք նրա ամուսնուն թույլ չենք տա ապրել մութ տեղում և թունելում։ Մենք ունենք լավ, ուղղիչ խցեր։ Նրան լավ բանտախուց է սպասվում»։