ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հերքել է երկրի իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքը, որ նրանք սպանում են քաղաքացիական բնակչությանը, հայտնում է Reuters-ը:
«Սիրիայի իշխանությունները չեն ռմբակոծում քաղաքացիական անձանց: Այդ քաղաքացիները մեր մարդիկ են: Մենք չենք ռմբակոծում քաղաքացիներին, մենք չենք սպանում քաղաքացիներին: Մենք չենք ռմբակոծում հումանիտար շարասյունները: Մենք դա չենք անում: Նրանք, ովքեր դա անում են, ահաբեկիչներ են»,- հայտարարել է Ջաֆարին լրագրողներին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպումից առաջ:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկրի քաղաքացիների զոհվելու մեջ տեսնում է Սիրիայի իշխանությունների մեղքը: