Լուրեր
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է 138 երկրների մեջ
  • 15:08
  • 2016-09-28
  • Դիտումներ՝ *

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդ է 138 երկրների շարքում, այս և զեկույցում տեղ գտած այլ տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Բանախոսները նաև ներկայացրին Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության ներկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականներ։

Մանուկ  Հերգնյանը նշեց, որ  Հայաստանի տնտեսությունը կրում է գլոբալ և ներքին միջավայրերի անկայունության ազդեցությունը, գլոբալ տնտեսությունում տեղի են ունենում արագ փոփոխություններ, մասնավորապես՝ կապված 4-րդ արդյունաբերական հեղափոխության, տեխնոլոգիական լուրջ  փոփոխություններ հետ:

«Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ՝ կապված արտաքին անվտանգության, ինչպես նաև երկրի  սոցիալ-տնտեսական խնդիրների հետ»,- նշեց Մ. Հերգնյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր կառավարությունը կկարողանա Սինգապուրի օրինակով փոխել իրավիճակը Հայաստանում, Մանուկ Հերգնյանը պատասխանեց. « Հաջողակ երկրների փորձն ուսումնասիրելը շատ կարևոր է: Սինգապուրն այն եզակի երկրներից է, որոնք 30 տարի շարունակ տնտեսական բարձր աճ են ապահովել: Սակայն պետք է հաշվի առնել, որ աշխարհը և պայմանները փոխվում են: Խոսքը գնում է 7-8 %-ով աճի մասին: Այո´, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դրա համար, բայց պետք է համապատասխան տնտեսական օրակարգ: Սակայն այս ծրագիրի հաջողությունը կախված չէ միայն քաղաքական գործոններից: Փոփոխությունը կապված է հասարակության բոլոր շերտերի հետ: Սինգապուրում կար ընդհանուր տեսլական»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *