ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադառնալով ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուտափույթ քննարկմանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքն ունի հետաձգման մեկ ռեժիմ՝ մինչև 1 տարի, ոչ թե մեկ տարի ժամանակով:
Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր օրենքների կարգավորումը իրականացվել է Հարկային օրենսգրքով:
Վարդան Այվազյանը հստակեցրեց, որ կատարվել են մեծ թվով փոփոխություններ: Մասնավորապես, փոխվել է եկամտահարկի մասին օրենքի դրույթը, և տեղի է ունեցել հարկային բեռի թեթևացում, օրինակ՝ 150 հազար դրամը գանձվում է 23 տոկոսով, իսկ 150 հազարից մինչև 2 միլիոնը՝ 28 տոկոսով, 2 միլիոնից ավելիի դեպքում փոփոխություն չի եղել՝ 36 տոկոս. «Սա 99 տոկոսով լուծում է… խոսքը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ միջակայքում ընկնողներին»:
Միջին աշխատավարձ ստացողների նկատմամբ տեղի է ունենում հարկային դրույքաչափի իջեցում, այսինքն՝ վճարվելու է 23 տոկոս՝ նկատեց Վարդան Այվազյանը:
Հարցին՝ ընդդիմախոսություն չի՞ լինի այս փոփոխված տարբերակին, Վարդան Այվազյանը հարցով պատասխանեց. «Դուք հավատո՞ւմ եք: Ոնց որ չեք հավատում: Ես էլ չեմ հավատում: Ցանկացած քայլի պարագայում կա ավելի շատ տեսնելու քաղաքական պատասխանատվություն, կա ընդդիմություն: Ինչ-որ մեկը, բնականաբար, կարող է ասել՝ ինչո՞ւ չեք իջնում 20 տոկոսի վրա, մյուսը կարող է ասել՝ ինչո՞ւ չեք իջնում 10 տոկոսի վրա»: