Սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սևակ Խաչատրյանը: 19-ամյա Սևակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ էր: Արևիկ գյուղում սգում են զոհված զինծառայողի մահը:
«Ոչ մեկին այսպիսի դժբախտություն չեմ ցանկանում, պատկան մարմիններին կխնդրեի, որ ինչ-որ բան ձեռնարկեին, որ այսպիսի ողբերգություններ չլինեն»,- ասում է Ս. Խաչատրյանի պապը:
Արմավիրի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը դեպքի առնչությամբ տեղեկացրեց, որ Սևակ Խաչատրյանը հրազենային մահացու վիրավորում է ստացել հակառակորդի դարանակալած դիպուկահարի կողմից:
«Շատ քիչ են լինում նման զորակոչիկներ՝ իր կեցվածքով, պահվածքով, գիտելիքներով իսկական հայորդի: Նա մասնակցել է նաև քառօրյա պատերազմին: Զորամասի կողմից միշտ պարգևների և շնորհակալագրերի է արժանացել: Զորամասի հրամանատարությունը դրականորեն է գնահատում նրա կատարած մարտական առաջադրանքները թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում»,- ընդգծեց Ա. Համբարձումյանը:
Սևակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մանրամասները՝ տեսանյութում: