Ինչպես արդեն հայտնի է, բերման էին ենթարկել ՀՀ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց պարոն Հովհաննիսյանը՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ոստիկանությունը զանգահարել և հայտնել է իրեն, որ հայտնաբերվել է հանրաքվեի քվեարկության ժամանակ իր կողմից հայտնաբերված բանդան, որը նմանատիպ զանցանքներ է գործել նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ուստի ցանկանում են զրուցել իր հետ. «Երբ ես գնացի հանդիպման, ինձ ասացին, որ պարտավոր են ինձ բերման ենթարկել, քանի որ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարված»:
Ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը՝ գործը վերահսկող դատախազը Արտաշես Գեղամյանի որդին է, որն էլ ենթադրաբար «հետախուզում է հայտարարել և բերման ենթարկելու ու խուզարկելու սանկցիա է տվել»:
Քաղաքագետների միության նախագահին հայտնել են, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել դատական վճիռը չկատարելու համար:
Մեր զրուցակցի խոսքով՝ սա ոստիկանական օպերացիա էր, որը տապալվեց շնորհիվ պատերազմի հերոսների, որոնց անձամբ շնորհակալություն հայտնեց պարոն Հովհաննիսյանը՝ առանց նշելու նրանց անունները. «Հակառակ դեպքում այդ օպերացիան ավարտվելու էր իմ ձերբակալությամբ և ինձ մեղադրանք առաջադրելով, թե՝ իմ գրպանում հայտնաբերվել է կտրող-ծակող առարկա»: