ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կարեն Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարությանը՝ «վերջ տվեք պրիմիտիվ գողություններին», ասաց. «Խնդրում եմ, մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել են նման երևույթներ, որոնցից պետք է ձերբազատվել»:
Դիտարկմանը՝ բայց ներկա էին նախարարների մեծ մասը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Քանի որ ներկա էին նախարարները՝ պետք է դիմեր նախարարներին, եթե հանրությունը ներկա լիներ՝ կդիմեր հանրությանը»:
Հարցին՝ իսկ եղե՞լ է գողություն, թե՞ վարչապետի հայտարարությունը մերկապարանոց էր. եթե եղել է գողություն, չպե՞տք է այդ հայտարարությունը ընդունվի որպես հանցագործության մասին հաղորդում, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Գողությունը եկել է մարդկության հետ, մարդկության հետ էլ կվերանա: Այս բազմաթիվ հարուցված քրեական գործերը նմանատիպ երևույթների հիման վրա են եղել: Վարչապետը կուսումնասիրի դրանք, և հետևանքները դուք կտեսնեք: Ինքը հայտարարել է և հետագայում նաև պետք է անի հետևություններ»:
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ինչքան բացահայտումներ եղել են, դրանց բոլորին ընթացք է տրվել, և համապատասխան պատկան մարմինները զբաղվել են դրանցով. «Եթե լինեն նման երևույթներ, որը կհայտնաբերի նաև նոր կառավարությունը, դրանց նույնպես ընթացք կտրվի»: