ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք տևական հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, նրա համար կարևոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Վարչապետը նոր նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի»,ասաց Աղվան Վարդանյանը՝ դրական գնահատելով Արծվիկ Մինասյանի կարողությունները Բնապահպանության նախարարության գործառույթներն իրականացնելու հարցում: Հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանի հմտությունները բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ խնդիր չի լինի:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ դաշնակցականների համար կարևոր է ոչ թե նախարարների հստակ թվաքանակ ունենալը, այլ առաջադրված խնդիրների լուծումը:
Ա. Վարդանյանը նաև հավելեց, որ Կարեն Կարապետյանը վճռական է պայքարելու ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ և երկրում այլ խնդիրների լուծման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: