Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները երեքշաբթի նվազում են, քանի որ ներդրողները վերստին ուշադրություն են դարձրել շուկայում առաջարկի կայուն ավելցուկի խնդրին՝ նախօրեին Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոյի հայտարարությունից հետո, որն առնչվել է նավթարդյունահանումը 10 տոկոսով կրճատելու անհրաժեշտությանը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 45.8 դոլար: WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 43.62 դոլար:
Ավելի վաղ դել Պինոն հայտարարել էր, որ ներկա դրությամբ նավթի համաշխարհային արդյունահանումը կազմել է օրական 94 միլիոն բարել, սակայն շուկայում առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելու համար անհրաժեշտ է նավթարդյունահանման մակարդակը նվազեցնել գրեթե 10 տոկոսով կամ օրական 9 միլիոն բարելով: