«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը այսօր մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։ «Մենք պետք է խթանենք, որպեսզի վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում, համայնքներում։ Այսօր գաղտնիք չէ, որ հիմնականում, մանավանդ հիփոթեքային վարկերը տրամադրվում են Երևան քաղաքում, քանի որ այստեղ ռիսկայնությունն ավելի կառավարելի է առևտրային բանկերի համար և կան իրացվելիք գույքային պարտավորություններ, ինչը չի կարելի ասել մարզերի և համայնքների մասին։ Սրանով մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի հիփոթեքային վարկերից օգտվեն մարզերում, համայնքներում ավելի արտոնյալ պայմաններով։ Մենք նաև երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոստացել էինք, որ պետք է պետության օժանդակությունն ավելացնենք հիփոթեքային վարկավորման առումով։ Այս որոշումով մենք, ըստ էության, մեր պարտավորությունն ու խոստումը կատարում ենք»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։