Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հայտարարել է, որ որոշակի սպասելիքներ ունի Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղից և նշել, որ հանդիպումը կարևոր է հատկապես հոգեբանական տեսանկյունից:
«Որոշակի սպասելիքներ ունեմ Հայաստանի հետ խաղից: Հանդիպման մեջ գլխավորը հոգեբանական տեսանկյունն է, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենանք ընտրական մրցաշարին:
Հիանալի է, որ որակավորման փուլից առաջ կարող ենք անցկացնել գոնե մեկ նախապատրաստական հանդիպում, որը մեզ կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ դիմակայությունից առաջ»,- հանդիպումից առաջ կայացած ասուլիսում նշել է Յարոլիմը:
Նրա խոսքով` Չեխիայի ընտրանու խաղացողները Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը մոտեցել են ամենայն լրջությամբ: Յարոլիմն ընդգծել է, որ արդյունքը որոշիչ դեր չի ունենալու, կարևորը խաղային գործընթացն է լինելու, չնայած որ իր թիմը ցանկանում է հաղթել:
Հիշեցնենք, որ Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: