Երեկ արդեն ԿԸՀ-ն հաստատեց, որ «4+4+4» ձևաչափով ընդունված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները առաջիկա համապետական ընտրություններում կյանքի չեն կոչվելու:
Եվ թե այս պայմաններում որքանո՞վ կարող է ընտրողների ցուցակների հրապարակումը լինել ընդդիմություն-քաղհասարակություն-իշխանություն փոխզիջումային տարբերակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանեց. «Այդ պաշտոնական հայտարարությունը նշանակում էր, որ իշխանությունը չի կատարում համաձայնագիրը, և մենք իշխանությունից պահանջեցինք բացատրություններ, որոնք, իհարկե, մեզ չբավարարեցին: Մենք այսօր կմշակենք հայտարարություն և կհրապարակենք մամուլով»:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ միակ տարբերակը արմատական լուծումն է. «Այսինքն՝ իշխանությունը պետք է զիջի այն, ինչին նա դիմադրում էր 2003 թվականից սկսած, այն է՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները»:
Ինչպես նկատեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ եթե իշխանությունները այս համաձայնագիրը չեն կատարում, ուրեմն նախ՝ պետք է վերականգնվեն ընտրողների ստորագրությունները մատյաններում, իսկ հետո այդ մատյանները՝ սքանավորված, պետք է հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական վեբկայքում. «Մենք կստորագրենք նոր համաձայնագիր միայն մեկ դեպքում՝ եթե այդ պահանջի իրականացումը համապատասխանի քաղաքացիական հասարակության պատկերացումներին և իրենց համար բավարար լինի»:
ԸՕ-ի փոփոխությունների չեղարկման ողջ պատասխանատվությունը Լևոն Զուրաբյանը դնում է իշխանությունների վրա և նրանցից պահանջում արմատական լուծում: