Պանամերիկյան համալսարանը, որտեղ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն սովորել է իրավունքի ոլորտում, կրկնակի ստուգումից հետո հաստատել է նախագահի ատենախոսությունում գրագողության առկայությունը: «Դրանում հայտնաբերվել են և՛ սեփական գաղափարներ, և՛ այլոց գաղափարներ՝ հղումներով ու առանց հղումների»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Aristegui Noticias անկախ պորտալը հայտնել է, որ ներկա նախագահի ատենախոսությունը մոտ 30%-ով կարող է լինել գրագողություն: Պորտալի տվյալներով՝ ատենախոսության 682 բաժնից մոտ 200-ը կարող է լինել գրագողություն՝ վերցված այլ հեղինակների աշխատանքներից:
Ատենախոսությունը նվիրված է նախագահ Ալվարո Օբրեգոնի 1920-1924 թվականների կառավարմանը և գրվել է 1991 թվականին:
Ընդ որում, Պանամերիկյան համալսարանը նշում է, որ ուսումնական հաստատությունը նախագահին չի կարող որևէ պատժի ենթարկել, քանի որ համալսարանի կանոնակարգը թույլ չի տալիս դա անել նախկին ուսանողների նկատմամբ: