Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին համաձայնության է եկել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ, որպեսզի մեկնարկեն հյուսիսային շրջաններից նավթի արդյունահանման վերաբերյալ բանակցությունները, որտեղից նավթն արտահանվել էր Բաղդադի կենտրոնական կառավարության շրջանցմամբ։
Նման որոշում ընդունվել է Բաղդադում տեղի ունեցած Ալ-Աբադիի ու քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հանդիպման ժամանակ։ Նրանք համաձայնվել են սկսել տեխնիկական բանակցություններ, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն իրաքյան Քիրքուք նահանգից ու քրդական ինքնավարությունից հում նավթի արդյունահանումն ու փոխադրումը։
Իրաքի վարչապետն ընդգծել է նավթարդյունահանման ծավալի մեծացումն ու Քիրքուքից ու Քուրդիստանից նավթի արտահանումը դաշնային կառավարությանը հանձնելը։ Փոխարենը քրդական ինքնավարության ղեկավարությունը կստանա իր ֆինանսական մասնաբաժինը։
Ներկա դրությամբ Իրաքն ու Իրաքյան Քրդստանն իրենց նավթը վաճառում են ինքնուրույն՝ առանց միմյանց գումարներ հատկացնելու։ Իրավիճակը բարդացնում է այն, որ Իրաքյան Քրդստանի ուժերը՝ Փեշմերգան, վերահսկում են Քիրքուք նավթային նահանգի մեծ մասը, թեև այն անվանապես չի մտնում ինքնավարության կազմի մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եթե Բաղդադի կենտրոնական կառավարությունը չկարողանա պայմանավորվածության գալ քրդական ինքնավարության հետ, ապա իր նավթն արտահանելու է Իրանի տարածքով։