Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի ուղեկցությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով:
Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն է հայտնել, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար: Նա նաև կարևորել է այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչել տալով Հայաստանը ողջ աշխարհին:
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրել են, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:
Վերջում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հաջողություններ է մաղթել օլիմպիականներին` միշտ բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը: