ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Դևիդ Փլուֆը, որն այժմ խորհրդատու է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբում, հանրապետական Դոնալդ Թրամփին անվանել է կլինիկական հոգեկան հիվանդ, որը չի կարողանա կատարել Սպիտակ տան տիրոջ պարտականությունները: Այդպիսի կարծիք նա հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Պարզ ասած, մենք գործ ունենք հոգեկան հիվանդի հետ, որն առաջադրվել է նախագահի պաշտոնում,- ասել է Փլուֆը Թրամփի մասին:- Ես նկատի ունեմ, որ նա համապատասխանում է այդ բառի կլինիկական սահմանմանը»:
Նա խոստովանել է, որ բժշկական կրթություն չունի, սակայն Թրամփի մոտ դիտվող այնպիսի «ախտանշաններ», ինչպես «անհավանական բարձր ինքնագնահատականը, պաթոլոգիական սուտը և գթասրտության ու մեղավորության զգացումների բացակայությունը», վկայում են հոգեկան խանգարումների մասին: Փլուֆի կարծիքով՝ այդպիսի մարդը չի կարող լինել ԱՄՆ նախագահ: