Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել` կապված «Ինջիրլիք» ռազմաբազա գերմնացի պատգամավորների նախատեսված այցի հետ, հայտնում է Der Spiegel-ը: Հունիսից Անկարան արգելում է գերմանացի պատգամավորներին այցելել ավիաբազա, որտեղ տեղավորված են ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին մասնակցող բունդեսվերի ուժերը:
Der Spiegel-ի տեղեկատվությամբ`թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հեռու մնա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևից:
«Մենք կարող ենք ապրել այն փաստով, որ Բունդեսթագը ընդունել է նման որոշում: Սակայն Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնի, որ ցեղասպանություն տերմինը իրավաբանական նշանակություն չունի»,- մեկնաբանել է թուրք բարձրաստիճան դիվանագետը:
Գերմանայի արտգործնախարարությունը տենդագին փորձում է լուծում գտնել, որը բոլոր կողմերին թույլ կտա «պահպանել դեմքը», նշում է պարբերականը:
Այս շաբաթ Թուրքիա այցի ընթացքում Եվրոպայի գործերով պետական նախարար Միխայել Ռոտը հայտարարել է, որ հայերի զանգվածային ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևում նշված է նաև գերմանական կայսրության պատասխանատվությունը: Նրա խոսքերով` փաստաթուղթն ուղղված չէ Թուրքիայի իշխանությունների դեմ, այլ խոսքը վերաբերվում է գերմանացիների մեղավորությունը հասկանալուն:
Անկարային նման ժեստերը քիչ են, նա պահանջում է որ Գերմանիայի կառավարությունը համապատասխան հայտարաություն կատարի ամենաբարձր մակարդակով` կանցլերի կամ արտգործնախարարության, գրում է Der Spiegel-ը: