Իրանը նավթարտադրողներին կօգնի կայունացնել համաշխարհային շուկան, եթե ՕՊԵԿ-ի մյուս ներկայացուցիչները ընդունեն շուկայում նրա մասնաբաժնի վերականգնման իրավունքը՝ ասել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանհանեն: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Զանհանեն մեկնաբանելով նավթարդյունահանման սառեցման մասին առաջարկը՝ ասել է, որ Իրանը կաջակցի շուկայում կայունության հաստատման ցանկացած ջանքի:
«Իրանը կհամագործակցի ՕՊԵԿ-ի հետ՝ օգնելու վերականգնել նավթային շուկան, սակայն ակնկալում է, որ մյուսները կհարգեն շուկայում իր կորցրած մասնաբաժինը վերադարձնելու իրավունքը»,- մեջբերում է SHANA տեղեկատվական գործակալությունը նախարարի խոսքերը:
Թեհրանը պնդում է, որ պատրաստ կլինի համատեղ ջանքերին միայն այն ժամանակ, երբ վերադառնա նավթի արդյունահանման մինչպատժամիջոցային մակարդակին՝ օրական 4 միլիոն բարելի:
ՕՊԵԿ-ի տվյալներով՝ Իրանը հուլիսին արդյունահանել է օրական 3.6 միլիոն բարել նավթ: Զանհանեն ասել է, որ Իրանը դեր չի խաղացել շուկայի կայունության խախտման մեջ, քանի որ գնանկումը սկսվել է, երբ երկրի արտահանումը կազմել է օրական մեկ միլիոն բարելից քիչ: