Ձեռնարկատեր 55-ամյա Արամ Պետրոսյանը, ով չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում գրավել էր Սիթիբանկի մասնաճյուղը, կալանավորվել է Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ։ Նա անձամբ խոստովանել է մեղքն ու խնդրել իրեն ենթարկել տնային կալանքի, որպեսզի կարողանա խնամել հիվանդ մորը։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Նրան կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Կիչիգինը։
«Պետրոսյանը առանձնակի ծանր հանցագործություն է կատարել քաղաքացիների ազատության և սահմանադրական կարգի նկատմամբ,-ասել է նա:- Ազատության մեջ մնալով՝ նա կարող է թաքնվել, քանի որ չի աշխատում և ծանրաբեռնված չէ ընտանիքով»։
Նրան աջակցել է դատախազը։ «Միջնորդությունը համարում եմ օրինական և հիմնավոր, խնդրում եմ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- ասել է նա։
Դատարանում Պետրոսյանն ու նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը խնդրել են չբավարարել քննության միջնորդությունը, այլ Պետրոսյանին ենթարկել տնային կալանքի: